Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”,

Գլուխ 8: Թռիչք դեպի հաղթանակ.Առաջին տարիները Ներաձուրրիում
12.09.2012, 23:29
Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”

Մասեր`
Գլուխ 8. Թռիչք դեպի հաղթանակ. Առաջին տարիները Ներաձուրրիում

Դեռ երեխա ժամանակվանից ես միշտ խաղից առաջ որպես կարգախոս ինքս ինձ կրկնում էի, որ պետք է պահպանել բարձր կոնցենտրացիա: Ինձ դա սովորեցրել է հայրս, և այն մինչ այսօր օգնում է ինձ հավաքվել: "Ponga huevos, hombre, que hoy tienes que ganar”, ինչը թարգմանաբար նշանակում է ՛՛Կներդնես քո բոլոր հատկանիշնները, տղա, այսօր դու պետք է հաղթես!’’: Այս կանոնը վերաբերվում է ցանկացած ֆուտբոլիստի: Դուրս գալով խաղադաշտ, իսկական խաղացողը պետք է իրեն ամբողջությամբ նվիրի թիմին, բայց երբեք չմոռանա, որ առաջին հերթին պետք է հարգել կանոնները և մրցակցին:

Եվ դա այն է, ինչը ես փորձում էի անել, երբ դեռ նոր էի եկել Ինտեր: Ես չէի կարողանում միանգամից հարմարվել նոր ֆուտբոլային մտածելակերպին, մարզումների նոր ձևերին և նոր սխեմաներին: Սակայն իմ առաջին իտալացի մարզիչը՝ Օտտավիո Բյանկին, միանգամից սկսեց վստահել ինձ: Չնայած չորս ուժեղ օտարերկրացիների՝ նա ինձ հիմնական կազմում դրեց, և այդպիսով, 1995 թվականի օգոստոսի 27-ին ես իմ առաջին պաշտոնական խաղն անցկացրեցի Ներաձուրրիի մարզաշապիկով: Մեր մրցակիցը Վինչենցան էր, և խաղը տեղի էր ունենում լեգենդար ՛՛Ջուզեպպե Մեացցա՛՛-ում՝ մարզադաշտ, որը ես առաջ տեսել էի միայն հեռուստացույցով: Խաղալով այս դաշտում, միշտ անհավանական զգացմունքներ ես ունենում, և դա ճիշտ է, որ ֆուտբոլիստները չեն կարող դրանից խուսափել, եթե նրանք գոնե մեկ անգամ ոտք են դրել այս խոտածածկի վրա: Դեբյուտը լավ անցավ՝ 1-0, շնորհիվ Ռոբերտո Կառլոսի խփած գոլի, ի դեպ, նա նույնպես իր դեբյուտն էր անցկացնում Ինտերում: Դա նման էր խոստումնալից մրցաշրջանի մեկնարկի, բայց դրա փոխարեն գործերն ավելի ու ավելի էին վատանում: Իմ հայրենակից Ռամբերտը, ում հետ մեծ հույսեր էին կապում, չկարողացավ հաղթահարել ճնշումը և մի քանի ամիս հետո լքեց Միլանը: Հարձակվողի համար միշտ դժվար է իրեն դրսևորել Ա Սերիայում, առավել ևս, երբ նա երիտասարդ է: Բացի այդ Ավիոնչիտոն որոշ ֆիզիկական խնդիրներ ուներ, որոնք ի վերջո խանգարեցին նրան: Ինձ համար ակումբի հետ նրա հրաժեշտը շատ ծանր հարված էր, քանի որ մենք ինչ որ տեղ նման էինք իրար՝ երկուսս էլ արգենտինացի էինք, և երկուսս էլ ընկղմված էինք ֆուտբոլային ծանր շրջապատի մեջ: Այժմ Սեբաստիանը օվկիանոսի այն կողմում է, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո, նա մարզիչ է դարձել: Նա իրեն փորձեց նաև որպես Ռոման Դիասի օգնական, ևս մեկ նախկին ինտերիստ, ով գլխավորում էր մեքսիկական ՛՛Ամերիկա՛՛ ակումբը: Ռամբերտի մեկնելուց հետո, սեպտեմբերի վերջին աշխատանքից հեռացվեց Բյանկան՝ հիասթափեցնող արդյունքների համար: Նրա փոխարեն, Լուիս Սուարեսի մարզչի պաշտոնում կարճատև նշանակվելուց հետո, եկավ անգլիացի Ռոյ Հոջսոնը: Ես ստիպված էի ամեն ինչ նորից սկսել: Հոջսոնի ժամանակ ամեն ինչ փոխվեց` սկսած մարզումների մեթոդներից և վերջացրած խաղային մոդելով: Նոր մարզիչը հենց սկզբից ցույց տվեց, որ հավատում է ինձ: Նրա հետ սկսվեց իմ երկար և երջանիկ կարիերան: Բյանկայի օրոք ես խաղում էի աջ պաշտպանի դիրքում՝ 5-3-2-ով, իսկ Հոջսոնի հետ ես դարձա աջ կիսապաշտպան՝ 4-3-1-2 մարտավարությամբ, այն նույն դիրքում, որտեղ խաղում էի վերջին մրցաշրջանների ընթացքում: Նրա գլխավորությամբ, որպես մարզիչ, ես խփեցի իմ առաջին գոլը Ինտերի կազմում, դա 1999 թվականի դեկտեմբերի 3-ն էր Կրեմոնեզեի հետ խաղում, ՛՛Սան Սիրոյում՛՛: Այս գոլն, իմիջիայլոց, գեղագիտական առումով շատ արժեքավոր է ինձ համար, և ես միշտ կհիշեմ այն մեծ հաճույքով (ես հարձակվող չեմ և այն մի քանի գոլերը, որ ես խփել եմ, ինձ համար կարծես երեխաներ լինեն): La Gazzeta dello Sport –ը հաջորդ օրը ինձ 8 գնահատականը տվեց: Այդ օրվանից սկսած իմ անունը հանրահայտ դարձավ, և ՛՛անանուն՛՛ ժամանակաշրջանն ավարտվեց:

Գործերը լավ էին ընթանում, և նույնիսկ Ինտերի երկրպագուների հետ հարաբերությունները հիանալի դարձան: Ես երբեք թիմում գլխավոր դերակատար չեմ եղել (հարձակվողների համար և երկրպագուների աչքերում ցուցանիշ են համարվում գոլերը և փոխանցումները), բայց աստիճանաբար, ես կարծում եմ, որ գրավեցի Ինտերիստների սրտերը, շնորհիվ իմ համարձակության, ինքնազոհողության և կայունության: Եվ, իհարկե, շնորհիվ աջ եզրում իմ դրիբլինգի: Շատ գեղեցիկ պահ էր, երբ Curva Nord-ի տղաները իմ մասին կրկներգ էին հորինել, որը կա մինչ այսօր՝ "Tra i nerazzurri c’è / un giocatore che / dribbla come Pelé / daì Zanetti alè!” [Ներաձուրրիի շարքում / խաղացող կա, ով ունի/դրիբլինգ ինչպես Պելեն/առաջ Զանետտի!]: Թեև Պելեի հետ համեմատությունը չափազանցված է (յուրաքանչյուր արգենտինացու համար Մարադոնան ավելի բարձր է, քան ցանկացած բրազիլացի), բայց պետք է խոստովանեմ, որ այս կրկներգն ապրում է իմ սրտում, և ամեն անգամ, երբ Curva Nord-ը իրականացնում է այն, մարմնովս դող է անցնում:

Իմ կարծիքով, առաջին տարին Ինտերի կազմում անձամբ ինձ համար վատ չանցավ: Սակայն մրցաշարային աղյուսակի տեսանկյունից իրավիճակը հեռու էր իդեալականից՝ մենք 7-րդ տեղում էինք առաջնությունում, և դա շատ հիասթափեցնող արդյունք էր թիմի համար, որը պատմականորեն միշտ պայքարում է Սկուդետտոյի համար: Բայց դա առաջին տարին էր Մորատտիի համար, որպես նախագահ, և մենք` բոլորս, գիտեինք, որ նախագահը ծրագրել էր կառուցել մեծ թիմ, որը ի վիճակի կլինի պայքարել բոլոր մրցաշարերում:

Ընդամենը մեկ տարի անց իրավիճակը զգալիորեն բարելավվեց: Ինտերն ուժեղացավ և երկար ժամանակ աղյուսակի վերին հատվածում էր, թեև այդպես էլ չհաջողվեց տիտղոս նվաճել: Եվրոպայում խաղալով մենք մեծ բավականություն ստացանք: Հոջսոնի հետ` մարզչի, ով ուղղակի հիացնում էր ինձ, չնայած այն սուտ ասեկոսներին, թե ինձ համար նա անձնական թշնամի է, մենք լավ ֆուտբոլ էինք խաղում նրա ժամանակակից ինովացիոն մարզումներով: Որպես արդյունք, մենք հասանք ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակիչ, որտեղ երկու խաղ պետք է անցկացնեինք գերմանական ՛՛Շալկե 04՛՛-ի հետ, որը դարձավ իմ կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկը: Գերմանիայում 1- 0 պարտվելուց հետո, մենք նույն հաշվով հաղթեցինք ՛՛Սան Սիրոյում՛՛: Շատ վտանգավոր պահեր եղան երկու ավելացված խաղակեսերի ընթացքում, սակայն հաշիվը ցուցատախտակին չէր փոխվում, իսկ 11 մետրանոց հարվածաշարը գերմանացիներին տրիումֆի բերեց. դա իսկական սառը ցնցուղ էր մեր երկրպագուների համար: Պարտության հիասթափությունից բացի տեղի տվեցին նաև նյարդերը: Դա միակ խաղն էր, և ես ներողություն եմ խնդրում, եթե ես երևացի մեծամիտ, և պայթյուն տեղի ունեցավ, դա միակ խաղն էր, որտեղ իմ պահվածքը հեռու էր իդեալականից: Մի քանի վայրկյան էր մնացել լրացուցիչ ժամանակի ավարտին, և արդեն պետք է սկսվեր 11 մետրանոց հարվածաշարը: Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից և մրցավարը կանգնեցրեց խաղը փոփոխության համար՝ ցուցատախտակին հայտնվեց 4 համարը: Այդ պահին ես չկարողացա զսպել զայրույթս: Նյարդայնացած ես սկսեցի վիճել Ռոյ Հոջսոնի հետ: Այս պատմությունը շատերը մեկնաբանեցին, որպես մեր ծանր հարաբերությունների գագաթնակետ: Բայց դա հեռու է ճշմարտությունից: Ես ուղղակի շատ հոգնած էի, բարձր էր ադրենալինը և ես շատ երիտասարդ էի (հետևաբար նաև անփորձ), ես չէի հասկանում, որ մարզիչը որոշել է փոխարինել ինձ միայն այն պատճառով, որպիսի խաղադաշտ դուրս գա Նիկոլա Բերտին, ով ավելի լավ էր իրացնում 11 մետրանոց հարվածները, իսկ այդ հարվածաշարն արդեն անխուսափելի էր: Արդյունքում, ես հանդերձարանում ներողություն խնդրեցի, և կոնֆլիկտը հարթվեց մեր միջև պարզ ձեռքսեղմումով, ինչպես քաղաքակիրթ մարդիկ:

Եզրափակչում պարտվելը, անկասկած, շատ ցավալի էր: Եվրոպական փառքի մասին Ինտերի երազանքներն անհետացան 11 մետրանոց հարվածաշարում: Այդ եզրափակիչը մեզ ավելի վստահ դարձրեց և օգնեց հասկանալ, որ մեր թիմը ապագայում դեռ կասի իր խոսքն Իտալիայում և Եվրոպայում: Եվ Մորատտին հաջորդ ամառ, չխնայելով ոչ մի գումար, Միլան բերեց նրան, ում համարում էին աշխարհի լավագույն խաղացողը՝ Ռոնալդոյին:

Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան
Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է

FcInter.am
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1820 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (09.10.2012 16:34) [Материал]
shat lava asvac... indzel verji ropein hanein xaxi penalneri hamar esel kgjvei laugh

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz