Հետևում են մնացել իտալական Ա սերիայի 7 տուրերը: Ինտերը մեկնարկային 5 տուրերում 5 անընդմեջ հաղթանակ տարավ: Իտալիայի առաջնությունում միայն մեկ անգամ է եղել, երբ մեկնարկում 5 և ավելի անընդմեջ հաղթանակ տարած թիմը 3-րդ տեղից ավելի ցածր տեղ գրավի: Դա եղել է հեռավոր 1950/51 մրցաշրջանում, երբ Բոլոնիան գրավեց 7-րդ տեղը: Ինտերի առջև այս մրցաշրջանում նպատակ է դրված տեղ զբաղեցնել ՉԼ-ի գոտում, և կարծես թե, վիճակագրությունը վկայում է, որ դա Ինտերի մոտ կստացվի: Ոչ ոք չի պնդում, որ իտալական ֆուտբոլի էլիտա վերադարձը հեշտ կստացվի, բայց առաջին կարևոր քայլը արդեն արված է, ու դա մեծ հաշվով, Աուզիլիոյի շնորհիվ:
Աուզիլիոն արեց գրեթե անհնարը՝ չունենալով լուրջ ֆինանսավորում, գլխավերևում կախված ունենալով Ֆինանսական Ֆեյ Փլեյի սպառնալիքը, նա կարողացավ ձեռք բերել բոլոր այն ֆուտբոլիստներին, ում մարզիչն էր ցանկանում: 2009-ից հետո Ինտերը այսպիսի հաջողված տրանսֆերային պատուհան չէր ունեցել:
Հաճախ է պատահում՝ դու երիտասարդ ֆուտբոլիս ես, ով երազում է կարիերայում բարձրունքների հասնել, բայց ստանում ես վնասվածք, որը խաչ է քաշում քո երազանքների վրա: Ահա այսպիսինն է Աուզիլիոյի պատմությունը: Նա խաղում էր, Պրո Սեստոյի կազմում, կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Սակայն կարիերան դեռ նոր սկսած ստացած ծանր վնասվածքը ստիպեց նրան թողնել ֆուտբոլը: Աուզիլիոն սկսեց իր մարզչական կարիերան, աշխատելով Պրո Սեստոյի երիտասարդական թիմերի հետ: Սակայն նրա կյանքը փոխեց մի որոշում.
-Այդ պահին ինձ համար որոշիչ դարձավ Պրո Սեստոյի նախագահ Ջուզեպե Պեդուցիի խոսքերը: Ես ցանկանում էի մարզել ֆուտբոլիստներին, բայց նա կարողացավ ինձ համոզել, որ իմ այլ որակներ կան:
1998 թվականին Աուզիլիոն հայտնվեց Ինտերում: Մի քանի տարի անց նա դարձավ Ինտերի սկաուտական համակարգի կարևորագույն մասը: 2001 թվականին Աուզիլիոն Ինտերի երիտասարդական թիմ բերեց Պանդևին, Մարտինսին, Պասկուալին: Պրիմավերան այդ տարի հաղթեց առաջնությունում և նվաճեց գավաթը: Աուզիլիոյի շնորհիվ Ինտերում հայտնվեցին Բալոտելին, Բոնուչին, Դեստրոն, Մեջորինին:
2010 թվականին Գաբրիել Օրիալին լքեց Ինտերը: Աուզիլիոն դարձավ Օրիալիին փոխարինած Մարկո Բրանկայի գլխավոր օգնականը: Տրանսֆերների հետ կապված վերջնական որոշումներ կայացնելու իրավունքը պատկանում էր Բրանկային: Բայց Աուզիլիոն կարողացավ ոչ միայն պահպանել իր պոտենցիալը, այլ նաև սովորել Բրանկայի սխալների վրա: 2014 թվականի փետրվարի 8-ին զբաղեցրած պաշտոնը լքեց Մարկո Բրանկան և Ինտերի սպորտային տնօրեն նշանակվեց Պիերո Աուզիլիոն: Մեկ տարի անց TuttoMercatoWeb-ի վարկածով Աուզիլիոն ճանաչվեց լավագույն սպորտային տնօրեն: Այս ամառ սկսվեց Աուզիլիոյի աստղային ժամը:
Ամենակարևոր տրանսֆերը նոր Ինտերի կառուցման ճանապարհին եղավ Ժոֆրեյ Կոնդոգբիայի տրանսֆերը: Լեգենդներ են պտտվում Մանչինիի կախարդական հեռախոսի մասին: Սակայն մեկ բան է զրուցել ֆուտբոլիստի հետ, պատմել նրան ակումբի զարգացման պլանների մասին, ասել նրան, թե որքան կարևոր դեր կունենա նա այդ նախագծում, մեկ այլ բան է ֆուտբոլային շնաձկների հետ բանակցություններ վարել: Բանակցել ակումբի ու գործակալի հետ, համաձայնեք հեշտ բան չէ: Աուզիլիոն կարողացավ հենց Գալիանիի քթի տակից փախցնել Կոնդոգբիային:
Հերթը երիտասարդ Մուրիլոին ու Միրանդայինն էր: Այս ֆուտբոլիստները կարճ ժամանակում դարձան Իտալիայի լավագույն կենտրոնական պաշտպանների զույգը: Մանչինիի համար ճակատագրի նվեր կարելի է համարել Ստեֆան Յովետիչի տրանսֆերը: Ինտերի նոր 10 համարը առաջին 2 տուրում 6 միավոր բերեց թիմին: Մնում է հուսալ, որ չեռնոգորցին քիչ ժամանակ կանցկացնի Լազարեթում:
Բավական երկար տևեց բանակցությունները Իվան Պերիշիչի տրանսֆերի համար: Պատուհանի փակվելուց օրեր առաջ միայն հաջողվեց վերջապես ձևակերպել Մանչինիի այդքան ցանկալի տրանսֆերը: Աուզիլիոն աշխատեց մինչև տրանսֆերային պատուհանի փակվելու վերջին վայերկյանները: Նախ Էրնանեսի վաճառքը տեղի ունեցավ` ֆուտբոլիստը ստացավ կարիերան վերակենդանացնելու հնարավորություն, իսկ Ինտերը ֆինանս: Հետո տեղի ունեցավ Մելոյի ու Տելլեսի տրանսֆերները: Մանչինին արդեն աշխատել էր այս երկու ֆուտբոլիստների հետ և շատ էր ցանկանում նրանց տեսնել Ինտերի կազմում: Վերջում եղավ Լյայիչի տրանսֆերը:
Սակայն այս պատմության մեջ ամեն ինչ չէ, որ լավ ընթացավ: Առաջին հերթին դա վերաբերվում է Մատեո Կովաչիչի վաճառքին: Ինտերը կորցրեց վերջին տարիների իր գլխավոր տաղանդներից մեկին: Պարզապես, երբ քո առջև մի սկզբունք է դրված «Վաճառիր, որ գնես» դու ստիպված ես որոշ զոհողությունների գնալ: Ու որքան էլ փորձես՝ այս դեպքում դրական բան չես գտնի:
Լյայիչը, Մոնտոյան, Յովետիչը, Միրանդան և Տելլեսը ձեռք են բերվել վարձավճարով և նրանց համար դեռ պետք է վճարել: Այս ցուցակին ավելացնենք նաև Դոդոյին և Բրոզովիչին:
Ակումբից այս տարի հեռացան Շաքիրին, Օբին, Կուզմանովիչը, Բոտտան, Կրխինը: Անդրեոլին ու Թայդերը հեռացան վարձավճարով: Սկելոտոն խզեց պայմանագիրը: Ինտերում մնացին ֆուտբոլիստներ, ովքեր թիմին այլևս պետք չեն: Խոսքը գնում է Նագատոմոյի ու Դ'Ամբրոզիոյի մասին, նրանց միացավ նաև Մոնտոյան:
Այնուամենայնիվ Աուզիլիոն այն մարդն է, ով Ինտերին դրեց ճիշտ ուղու վրա, ով կարողացավ իրապես ուժեղացնել կազմը: Այժմը մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից 7-ը ` Տելլեսը, Միրանդան, Մուրիլոն, Կոնդոգբիան, Մելոն, Պերիշիչը և Յովետիչը, Ինտերին միացել են հենց այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հ.Գ. Մի պահ ետ գնանք և հիշենք Աուզիլիոյի նախորդի ` Բրանկայի «փայլուն» տրանսֆերները ` Մաուրո Սարատե, Անջելո Պալոմբո, Տոմազո Ռոկկի, Զդրավկո Կուզմանովիչ, Էզեկիել Սկելոտտո, Մատիաս Սիլվեստրե և այլն...
|