Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 9 » Սկսել ոչնչից… 1908, Մարտ 9 , Միլան
13:18
Սկսել ոչնչից… 1908, Մարտ 9 , Միլան

 

1908, Մարտ 9 , Միլան

Տասնյակ հավաքվածներ…քննարկում... l'Օrologio ռեստորան … հավաքատեղի քաղաքի ինտելեկտուալ խավի՝ արվեստագետների, նկարիչների, գրողների և հրապարակախոսների, քաղաքական գործիչների…

 

-    Պարոնայք, - սկսեց նրանցից մեկը, -  ուրախալի է, որ ոչ-ոք ետ չկանգնեց իր խոսքից և համախմբվեցինք այս հիասքանչ վայրում: Բոլո՞րն են այստեղ:

-    Այո, Ջորջիո, բոլորս այստեղ ենք՝ Ջ.Մուջջիանի - Բոսսարդ -Լանա- Բերտոլինի- Դե Օլմա -Հինթերմանն Էնրիկո - Հիթերմանն Արտուրո - Հիթերման Կառլո - Դելլ՛Օրո Պյետրո - Ռիետման Ուգո - Հանս - Վոելկել - Մաներ - Վիփֆ - Արդուսսի Կառլո, բոլորը…

-    Պետք է քաջ գիտակցել, - շարունակեց նա, - թե ի՞նչ ենք պատրաստվում անել և ի՞նչ դժվարությունների կարող ենք հանդիպել: Մենք ոչինիչ չունենք այս պահին, ամեն ինչ սկսելու ենք զրոյից՝ ունենալով միայն մեր առջև դրված նպատակը և մեր համախմբվածությունը, իսկ մեր կողքին արդեն ունենք հզոր թշնամի, որն ամեն կերպ կխոչընդոտի մեր գործին:

-    Մենք այլևս չենք կարող խաղալ իրենց նողկալի կանոններով, - բացականչեց մյուսը, - դա դեմ է մեր մարդկային սկզբունքներին, դեմ է ֆուտբոլի և ցանկացած այլ սպորտաձևի գաղափարախոսությանը: Մեզ դուր չի գալիս այն ֆուտբոլը և քաղաքականությունը, որը տանում է Միլանի Ֆուտբոլի և Կրիկետի ակումբը՝ գոհացնել միայն իտալացի չինովնիկներին:

-    Համաձայն եմ, Բերտոլինիի հետ, ֆուտբոլը պետք է նման լինի գեղեցիկ արվեստի, -խոսեց Հինթերմանն ավագը, - որը չի ճանաչում ո՛չ ազգույթյուն, ո՛չ կրոն և ո՛չ էլ մաշկի գույն, այն պետք է համախմբի բոլորին մեկ նշանի ներքո: Մենք կարո'ղ ենք դա անել: Ի՞նչ է նշանակում թույլ չտալ լեգիոններներին մեր երկրում ֆուտբոլ խաղալ և նրանց վերաբերվել որպես ցածրակարգ խավի մարդկանց, դա անընդունելի է, Աստվա՛ծ իմ,  ես այլևս չեմ կարող այդպիսի կազմակերպության մի մասը լինել…

-    Այլևս քննարկելու ոչինիչ չկա, Ջո՛րջիո, -  հավելեցին մյուսները, - մենք բոլորս էլ պատրաստ ենք կրել այդ դժվարությունները, մենք պետք է ստեղծենք մարդկային սկզբունքներով թիմ, առանց ռասսայական և ազգային պատկանելիության, որը կպատկանի աշխարհին: Ասա քո վերջնական խոսքը, Ջորջիո, բոլորս դրան ենք սպասում և պատրաստ ենք ստորագրել արձանագրությունը...

Ջորջիո Մունջջիանին մի քանի րոպե լուռ նայում էր Միլանի աստղազարդ երկնքին, այնուհետև, դառնալով դեպի հավաքվածները, ովքեր սպասում էին իր խոսքին, վճռական ձայնով հայտնեց.

-    Ծնունդ առնելով այստեղ՝ l'Օrologio ռեստորանում,  արվեստագետների և նկարիչների շրջապատում, այն ինչ մենք հիմա ստեղծում ենք միշտ դատապարտված է լինել մեծ տաղանդաների ակումբ: Այս հիանալի գիշերը հուշում է նաև մեր գերբի գույները՝ սևը և կապույտը, ոսկեգույն աստղերի համադրությամբ: Այն կկոչվի Ինտերնացիոնալե, քանզի մենք բոլորս եղբայրներ ենք աշխարհում:

 

 
     Այսպես կարելի է պատկերացնել Ինտերի հիմնադիրների վերջին որոշիչ հանդիպումը: Ջորջիո Մունջջիանիի արտասանած վերջին խոսքերը հանդիսանում են Ինտերի ծննդյան վկայականը, որը մինչ այսօր պահպանում է իր ստեղծման ակունքներում դրված սկզբունքները՝ հավասարություն, արդարություն և եղբայրություն, որոնցով առաջնորդվելով նրանք ապացուցեցին և ապացուցում են, որ սկսելով ոչինչից, բայց ունենալով լուսավոր նպատակ, կարելի է հասնել ամենամեծ բարձրունքներին՝ լինել միակ ակումբը Իտալական ֆուտբոլում, որը իր ստեղծման օրվանից հանդես է գալիս բարձրագույն լիգայում, լինել աշխարհի 7 բացառիկ ակումբների շարքում, որոնք երբևէ նվաճել են Տրիպլետ, և ի վերջո լինել առաջինը եվրոպական ակումբներից, որը վերջ դրեց ռասսայական և ազգային խտրականությանը իր ցուցադրած ֆուտբոլում:


Մունջջիանին` լինելով նաև նկարիչ, գիշերվա, երկնքի և աստղերի համադրությամբ ստեղծեց Ինտերի գերբը, իսկ սև և կապույտ գույները ուղեկցում են ակումբին իր ողջ պատմության ընթացքում:


1908 թվականի մարտի 9-ին մի խումբ խենթերի կողմից ստեղծված և նրանց երազած ակումբն այլևս իրականություն է՝ նրանք համաշխարհային ֆուտբոլին նվիրեցին մի ֆուտբոլային ընտանիք, որը լուրջ դերակատարում ունի ֆուտբոլի պատմության անցյալի և ներկայի համար: Այն համախմբել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում մեկ կարգախոսի շուրջ՝ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ:


Ինտերիստաների համաշխարհային եղբայրության մասն ենք կազմում նաև մենք՝ Ինտերի Հայ Երկրպագուները: Հետաքրքրականն այն է, որ մեր կազմավորման պատմությունը շատ նման է Ինտերի ստեղծմանը՝ 2011 թվականին մի խումբ Հայ Ինտերիստաներ, համախմբվելով խենթ գաղափարի շուրջ, ստեղծեցին նոր կայք (FcInter.am) և երկրպագուների բանակ, որն այսօր արդեն համախմբում է հարյուրավոր Հայ Ինտերիստաների աշխարհի տարբեր ծայրերից:


Մենք հպարտորեն մաս ենք կազմում Սև-կապույտների (Ներաձուրրիների) համաշխարհային ընտանիքի` գիտակցելով, որ երկրպագում ենք արդար սկզբունքներ ունեցող ակումբի:
Որպես վերջաբան, ցանկանում ենք վերհիշել Մեծն Ջուզեպպե Պրիսկոյի  խոսքերը, որոնցից մեկն ուղղում ենք Ինտերիստաներին, իսկ մյուսը՝ Ինտերին չսիրողներին…


<<Ինտերի երկրպագուները կարող են չանհանգստանալ, այսքան տարի այս ակումբում լինելով՝ կարող եմ ասել, որ Բ Սերիան գոյություն չունի մեր գենետիկ կոդում>>:
<<Երբ ես սեղմում եմ միլանիստայի ձեռքը՝ անմիջապես լվանում եմ ձեռքս: Երբ ես սեղմում եմ յուվենտինոյի ձեռքը` հաշվում եմ մատներս>>

 

Աշխեն Օհանջանյան

Դիտումներ: 2080 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz