Սնեյդերը Ա Սերիայի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստն է
Բոլորին հայտնի է Ինտերի այս տարվա մարտավարությունը՝ խնայել աշխատավարձների կրճատման միջոցով և Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ դա Ինտերին բավական մեծ օգուտ է բերել: Լուսիոյի, Մայկոնի, Ժուլիո Սեզարի և Դիեգո Ֆոռլանի հեռանալուց հետո Ինտերը աշխատավարձների վրա խնայել է 40 մլն եվրո: Այնուամենայնիվ այս տարի Ա Սերիայի ամենաշատ վարձատրվող խաղացողների տասնյակում տեղ են գտել Ինտերի 3 խաղացողներ:
Gazzetta dello Sport-ի տվյալներով Ինտերի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա հետ այս տիտղոսը կիսում են Ռոմայի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին և Յուվեի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը: Նրանց աշխատավարձը կազմում է տարեկան 6 մլն եվրո:
Ըստ աշխատավարձի չափսի Իտալիայում չորրորդ ամենաբարձր վարձատրվողը Ռոմայի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին է՝ 5 մլն եվրո: Նրան հաջորդում են Ինտերի հարձակվող Դիեգո Միլիտոն և Նապոլիի հարձակվող Էդինսոն Կավանին` 4.5 մլն եվրո տարեկան վարձատրությամբ: Տասնյակի մեջ տեղ է գտել նաև Էստեբան Կամբիասսոն՝ 4 մլն եվրո, Պատոյի, Ռոբինյոյի և Մեքսեսի հետ միասին: