Էրիկ Թոհիր` ինդոնեզացի մեցահարուստ, մարդ, որը ստիպեց Ինտերի երկրպագուներին ( և ոչ միայն) գրեթե միաձայն ''բղավել'', որպիսի Մորատտին առանց հապաղելու վաճառի մեր Ինտերի բաժնետոմսերը անծանոթ, կամ քիչ թե շատ ծանոթ, այս գործարարին:
Հասկանում եմ, որ ժամանակակից ֆուտբոլում փողը հիմնական դեր է խաղում, շատ կարևոր ու մեծ դեր: Դա գիտի նաև Մասսիմո Մորատտին, ով այս պահին, անկասկած ծանր մտածմունքների մեջ է: Ինտերը նրա ընտանիքն է և նրա ամբողջ ընտանիքն է Ինտերում, ավելին, Ինտերը նրա ընտանիքի պատմությունն է, ժառանգություն, որ իր հորից է անցել իրեն: Եվ այժմ նա պետք է որոշի Ինտերի (իր Ընտանիքի) ապագան: Իհարկե, գայթակղությունը մեծ է, 43-ամյա Էրիկ Թոհիրը կարող է դառալ Ինտերի մի մասը, կամ նույնիսկ սեփականատերը: Իսկ մենք` երկրպագուներս, ոչինչ չենք կարող անել, քանի որ նախագահ Մորատտին լիովին իրավունք ունի որոշել ակումբի ապագան, հատկապես այսօր, երբ բոլորը, կարծես թե, խորհուրդ են տալիս նրան վաճառել, ազատվել բոլոր մտածմունքներից, քննադատություններից, պարտքերից, խաղացողների և մենեջերների քմահաճույքներից, լրագրողների հեգնանքից, երկրպագուների մեղադրանքերից:
Եթե վաղն առավոտյան Մորատտին հայտարարի, որ վաճառում է Ինտերը (առաջին միտքը, որ գալիս է ''Աստված ոչ անի''-ն է), մեզանից ոչ ոք չի կարող համոզված լինել, որ դա ճիշտ որոշում է և թե ինչ կարող է լինել ապագայում: Նա մեզ հասցրեց Եվրոպայի և աշխարհի բարձունքին, իրականացրեց երկար տարիների երազանքն ու ձգտումները, երկար տարիներ ակումբի հետ ապրեց Կալչիապոլիի տարիները, ունեցավ վերելքներ և վայրեջքներ, բայց իր լեգենդար հորից ժառանգած ակումբի անունը միշտ ազնիվ ու բարձր է պահել: Մորատտին մեր ակումբի պատմության ամենավառ էջերից է, և այսօրվա Ինտերի գաղափարի շատ մեծ մասը, իր էմոցիաներով, հույսերով, մարդկայնությամբ, զսպվածությամբ, հարգանքի մեծ զգացումով, ու մեծ սիրով: Այդպիսին է նաև Ինտերի գաղափարը: Եվ սա է պատճառը, որ ինձ մոտ հակասական մտքեր են, ես չգիտեմ, թե ինչպես կընդունեմ Ինտերի` նոր սեփակաատեր ունենալու լուրը, երբ չգիտեմ, թե որքանով է այդ ''նորը'' նման մեր Մորատտիին:
Գիտեմ, որ մեր ակումբը նոր ռեսուրսների ներգրավման լուրջ խնդիր ունի, եթե ցանկանում է վերադարձնել այն մրցունակությունը, որն ուներ մի քանի տարի առաջ, նորմալ հաշվեկռով, ադեկվատ ներդրումներով, մոտիվացված և օրինակելի ղեկավարությամբ: Բայց ես վախենում եմ, որ այս կերպ Ինտերը պարզապես իր մակարդակից կիջնի մեծ միջազգային ''բրենդի'' մակարդակի, ինչպիսիք այս օրերին տեսնում ենք բոլորս: Դուք ցանկանո՞ւմ եք, որ Ինտերը համալրի այդպիսի ակումբների շարքը: Ես` Ոչ: Իսկ դա, անխուսափելի կլինի, եթե Ինտերի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն անցնի այս մեծահարուստին: Որքանո՞վ է ողջամիտ իտալական ակումբը վաճառել ֆուտբոլից ու իտալիայից շատ հեռու մի մարդու, ով նույնիսկ Ինտերի երկրպագու էլ չէ և ծանոթ չէ իտալական ֆուտբոլին... Ես առավել, քան որևէ մեկը, ցանկանում եմ, որ մեր Ինտերը վերադարձնի իր լավագույն տարիները, բայց չեմ ցանկանում, որ Ինտերը դառնա պարզապես ինչ-որ մեկի հաջողված բիզնեսը, չեմ ցանկանում, որ Ինտերը դառնա այն ակումբներից (ֆուտբոլը փչացնող ակումբներից), որոնք գումարով գնում են ամեն ինչ և ամենքին...
Իսկ ոգին և անհատակունությո՞ւնը: Մենք պատմության մե՞ջ: Թե՞ այլևս չենք լինի: Ո՞վ է Թոհիրը: Ի՞նչ գիտենք նրա մասին, որ պատրաստ եք նրան վստահել մեր 105-ամյա Հրաշքին, ի՞նչ եք դուք ակնկալում պարզապես մի խոշոր գործարարին ակումբի վաճառքից, որը ստեղծվել է 1908 թվականին, ի սկզբանե ըմբոստ, ազատ, ինքնատիպ ու իր սկզբունքներին միշտ հավատարիմ: Ակումբ, որ բախտ է ունեցել ուրախանալ ու ծիծաղել Մեծն Պեպինո Պրիսկոյի պատմական յուրաքանչյուր բառի հետ, որն ունեցել է Ֆակկետտիի պես կերպար: Անվերջ այս շարքը կարելի է շարունակել, սրանք այն արժեքներն են, որոնց համար, իրականում, անհնար է չսիրել Ինտերը, մանրուքներ, որոնք, միգուցե, կմտածեք, կապ չունեն ֆուտբոլի հետ, սակայն առանց պատմության ֆուտբոլը նույնպես արժեք չունի!
Մորատտին, կարծում եմ, այն մարդկանցից չէ, որ զենքերը վայր կդնի առաջին իսկ դժվարություններից և քննադատություններից հետո, նրա օրոք Ինտերը շատ ավելի վատ դրություններից է դուրս եկել, նա միշտ պայքարել է ակումբի համար այնպիսի իրավիճակներում, որտեղ թվում էր, որևէ բան անելն անիմաստ է ու անօգուտ: Եթե չլինեին նրա ''սխալ ու ճիշտ'' որոշումները (չեմ ցանկանում որակել դրանք) այսօր մենք չէինք ունենա այն պատմությունը, որն ունենք, և մենք ձեզ հետ չեինք ունենա այն անմոռանալի հիշողությունները, որն ունենք:
Համոզված եմ, որ Մորատտին կգտնի լավագույն լուծումը այս իրավիճակում, միայն կարելի է պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում է նա և ինչ պատասխանատվություն է իր ուսերին, քանի որ, համոզված եմ, նա մտածում է ավելի շատ Ինտերի` ավելի լավ ապագայի, քան միայն սեփական շահերի , կամ, այսպես ասած, ''իր գլուխն ազատելու'' մասին: Պետք է գտնել լավագույն օպտիմալ տարբերակը, ոսկե միջինը, առանց ցայրահեղությունների: Ինտերին անհրաժեշտ են միջոցներ ոտքի կանգնելու և նոր մարզադաշտ կառուցելու համար, սակայն արմատական փոփոխություններին դեմ եմ, անհրաժեշտ է ներգրավել նոր ռեսուրսներ, բայց ոչ ակումբը հանձնել օտարի ձեռքը...
Ինտերին պետք են ներդրումներ, բայց մտածված...
Forza Inter!
Աշխեն Օհանջանյան
|