Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
17.12.2013, 20:01 | |
Մասեր`
20. Հիշարժան տարի Դու երբեք չես դադարում սովորել և երբեք չես դադարում զարմանալ: Նույնիսկ, երբ արդեն 36 ես, երբ դու կարծում ես` տեսել ես ամեն ինչ ֆուտբոլային խաղադաշտում: Ես արդեն ասել եմ, բայց նորից կկրկնեմ` հաջողությունը գալիս և գնում է: Այս թիմը, որ ոչինչ չէր հաղթել, ''Իտալիայի խեղկատակը'' ինչպես շատերն էին մեզ անվանում, մի քանի տարվա մեջ դարձավ ուժեղագույն ակումբներից մեկը Եվրոպայում և աշխարհում: Ես միշտ հավատացել եմ, նույնիսկ երբ ամեն ինչ վատ էր ընթանում, նույնիսկ երբ մեր գույների վրա, կարծես թե, դաժան անեծք լիներ: Աշխատանքը փոխհատուցվում է, մի'շտ: Դա է իմ նշանաբանը: Ինտեր գալուն պես, ես աշխատում եմ գործի դնել այն, քանզի դու կարող ես ունենալ Մարադոնայի տաղանդը, բայց չիրացնել այն, նրանում կիրք և նպատակ չդնել, այդպես դու ոչնչի չես հասնի: Իմ ջանքերը, ինչպես նաև ղեկավարության և իմ թիմակիցների, այս տարի վարձատրվեցին: Մրցաշրջան, որի մասին երազում է ցանկացած խաղացող` հասնել բոլոր մրցաշարերի եզրափակիչներին, այնտեղ լինել և խաղալ մինչ վերջին շունչը: Ադրենալինը բարձրանում է, առանց շունչ քաշելու մեկ վայրկյանի անգամ, միշտ սուր եզրին: Բայց սա է ֆուտբոլի գեղեցկությունը, սրանք այն զգացմունքներն ու էմոցիաներն են, որոնք խթան են հանդիսանում` պայքարը շարունակելու և առավելագույնը տալու: Ժոզե Մոուրինյոյի հետ սկսվեց նոր շրջափուլ: 2009-ի Սկուդետտոյից հետո` իմ չորրորդը անընդմեջ, թիմը դարձավ ավելի հասուն: Սակայն բոլորը` նախագահից սկսած մինչ սարքավորումների մենեջերը, ցանկանում էին ավելին: Իտալիայի ուժեղագույնը լինելը բավարար չէր: Մենք ցանկանում էինք ապացուցել աշխարհին և, հատկապես, ինքներս մեզ, որ այս թիմն ունի բոլոր մանրուքները, որպեսզի դառնա մեծագույնը բոլոր հարթակներում: Սա մոլուցք չէր, այլ պարզապես երազանք, որ մենք կառուցում էինք ամեն օր` խմբի յուրաքանչյուր անդամի օգնությամբ: Ֆուտբոլում միայն այդպես` թիմային ուժով և անձնազոհությամբ, կարող ենք կատարելագործվել: Քանզի բացի անձնազոհությունից, կային նաև քրտնաջան մարզումները, ճանապարհորդությունները, լարվածությունը, մնում էր միայն մրցանակը, որպեսզի գրվեինք և հավերժ հիշվեինք պատմության մեջ: Մեզանից շատերի համար, այդ թվում նաև ինձ, դա կարող էր, հավանաբար, վերջին հնարավորությունը լինել: Մենք չենք երիտասարդանում, նույնիսկ եթե մարդիկ կարծում են` ես բիոնիկ մարդ եմ, մենք պետք է իրատես լինենք` երկու, երեք, կամ միգուցե 4 տարի ևս, և ես պետք է հարմարվեմ խաղակոշիկներս մեխից կախելու մտքի հետ: Երազանքները, այդուհանդերձ, տարիք չունեն: Եվ մենք երազում էինք` վճռականորեն հավատալով մեր երազանքին: Արդեն այդ ամռանը, մարզական ճամբարի ընթացքում, մենք հասկացանք, որ տարին հիշարժան է լինելու: Թեև թիմից հեռացավ Զլատան Իբրահիմովիչը` մեր լավագույն խաղացողը, բայց ակումբը կարողացավ էլ ավելի ուժեղացնել թիմը: Բազմաթիվ այլ չեմպիոններ ժամանեցին` Միլիտո, Սնեյդեր, Էտո'Օ, Լուսիո, Տիագո Մոտտա, Պանդև: Շատ նոր խաղացողներ, սակայն մտքում մեկ նպատակ ունեինք` հասնել մինչև վերջ: Յուրաքանչյուր մրցաշարում, առանց բացառությունների: Բոլորը` առաջինից մինչ վերջին մարդը, ցանկանում էին ծառայել այդ նույն նպատակին: Մեր խաղաոճը նույնպես փոխվեց` ավելի շատ շարժում, շատ տեխնիկա, ավելի հարձակվողական խաղ: Շուտով ժամանեց մեր առաջին գոհունակությունը: Օգոստոսին 4 - 0 հաղթանակը Միլանի դեմ ցույց տվեց, որ մենք առաջվա պես ամենաուժեղն ենք, ինչպես և առաջին հաղթանակները Չեմպիոնների Լիգայում: Այս մրցաշրջանում որոշակի հատված կար, երբ մենք այնպիսի կառուցվածքի էին հասել, որում մեզ գրեթե անպարտելի էինք զգում: Դա ուժեղագույն Ինտերն էր, որում ես խաղացել եմ, ես կարող եմ դա վստահորեն ասել: Կային չեմպիոններ` միշտ պատրաստ զոհաբերել ամեն ինչ թիմի հաջողության համար, դառնալ մի քանի ուղղություններով թիմի պաշտպաններ: Ես, ինչպես միշտ և մեծ հաճույքով, խաղում էի ամենուր` աջ պաշտպան, ձախ պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, առաջ քաշված կիսապաշտպան: Բազում տարբեր դերեր խաղադաշտում, բայց միշտ միևնույն նպատակով` օգտակար լինել թիմի համար: Այդ տարի ես անցա 500 ելույթնրի սահմանը Ա Սերիայի խաղարկությունում, սակայն, ցավոք, իմ ռեկորդը` 137 անընդմեջ հանդիպում, ընդհատվեց մեկխաղյա որակազրկմամբ, որը ես ստացել էի շատ դեղին քարտեր ստանալու պատճառով: Մեկ օր հանգիստը, կարծում եմ, այն էր, ինչ վաստակել էի: Այս մրցաշրջանի շրջադարձային կետը դարձավ Չելսիի դեմ հանդիպումը Լոնդոնում, Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիումը: Մեզ միայն 0 - 0 հաշվով ոչ ոքի էր անհրաժեշտ հաջորդ փուլ անցնելու համար, սակայն 90 րոպե միայն պաշտպանվելը վտանգավոր կլիներ: Եվ այդպիսով մենք բաց խաղ խաղացինք, առանց վախի` վստահելով մեր ուժերին: Եվ մենք հաջողության հասանք, չորս անգամ անընդմեջ երկրորդ փուլից դուրս մնալուց հետո, մենք վերացրեցինք արգելքը և սեփական հարկի տակ հաղթանակ տարանք մայրցամաքի լավագույն թիմերից մեկի նկատմամբ: Դրանից հետո, թռիչքը դեպի ավարտ շարունակվեց: Մենք երբեք չէինք հանձնվում, և միայն խաղացողները կարող են հասկանալ, թե որքան բարդ է պահպանել բարձր կոնցենտրացիան` առանց սխալվելու հնարավորության: Ամենուր, յուրաքանչյուր մրցապայքարում, միայն Ինտերը մնաց` առաջնությունում Ռոմայի դեմ լարված մենամարտից մինչ վերջին խաղային օրը, Իտալիայի Գավաթի հաղթանակը` նույն Ջիալորոսսիի նկատմամբ, և այնուհետ, կախարդական Չեմպիոնների Լիգան` էպիկական խաղերով Բարսելանոյի դեմ, այնուհետև մադրիդյան եզրափակիչը Մյունխենի Բավարիայի նկատմամբ: Խաղ, որն Ինտերի հետ տեղի չէր ունեցել 38 տարի: Խաղ, որ ես միշտ ցանկացել եմ խաղալ, ինչպես երեխա: Մնացածն արդեն պատմություն է: Եվ եթե հաղթելու և պարտվելու մեջ մեծ տարբերություն կա, կարծում եմ, որ ամենակարևորը` միշտ անել հնարավոր ամեն բան, մինչև վերջ, երբեք չհանձնվելով: Վստահ եմ` իմ երեխաները օվկիանոսի մյուս կողմում այդպես են մտածում: Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան Տարածելու դեպքում FcInter.am կայքի հղումը պարտադիր է! | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 1798 | Բեռնումներ: 0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |