Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
10.06.2013, 17:56 | |
Մասեր`
Գլուխ 14 Պուպիի ավագը Եթե ֆուտբոլային դաշտում գործերն այդքան էլ լավ չէին ընթանում, ապա իրավիճակն Արգենտինայում ավելի վատ էր: 2001 թվականի տնտեսական ահավոր ճգնաժամը ուժեղ հարված հասցրեց իմ երկրին: Ահռելի պարտքը և դրան հետևող պեսոյի արժեզրկումը խնդիրների մեծ ալիք առաջացրեցին, ինչի արդյունքում հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ անդունդի եզրին հայտնվեցին: Ես և Պաուլան հեռուստացույցով անզոր հետևում էինք այդ ցավալի իրադարձություններին: Դա իսկական կործանում էր, առանց ետդարձի: Հիշում եմ` ամեն օր զանգահարում էի ծնողներիս, որ տեղեկանայի, թե ինչպես են նրանք և հասկանայի, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի այն կողմում, որտեղ ծավալվում էին այդ ողբերգալի իրադարձությունները, որոնք կարծես մի քանի լուսային տարի այն կողմ լինեին այն գեղեցիկ իրականությունից, որ շրջապատում էր մեզ Իտալիայում: Պարտություն, մրցաշարերից դուրս մնալ և այլ փոքր ֆուտբոլային հիստերիաներ` ոչինչ էին այն ցավի հետ համեմատ, որ ես զգում էի այդ աղետի ժամանակ, որին ես հետևում էի արտոնյալի դիրքից: Ամեն օր համացանցի էջերից ես տեսնում էի, ինչպես է իմ երկիրը վերածվում ավերակների: Առավել շատ տառապում էին մայրաքաղաքի ամենաաղքատ շրջանների երեխաները: Ամեն օր տասնյակից ավել այդպիսի երեխաներ մահանում էին սովից, աղտոտված ջրից, վատ հիգիենայից, դեղորայքի և բժշկական խնամքի պակասից: Ես համեստ ծագում ունեցող մարդ եմ, բայց իմ մանկության տարիներին ես ունեցել եմ անհրաժեշտ ամեն ինչ: Նույնիսկ բռնապետության տարիներին, որը մենք հաղթահարեցինք, գործերն այդքան վատ չէին, ինչպես 2001-ին: Փակ խանութներ, չմարող սոցիալական դժգոհություններ, սառեցված բանկային հաշիվներ, աղքատություն և հուսահատություն, այս ամենն էր տիրում Արգենտինայում: Այդ անօգնական իրավիճակին, որ ես զգում էի` գիտակցելով, որ ոչնչով չեմ կարող օգնել իմ երկրին, միացավ նաև զայրույթի զգացումը: Ի վերջո, Արգենտինան ռոսուրսների մեծ շտեմարան է, ինչպես մարդկային, այնպես էլ նյութական. և պատմականորեն միշտ այնպես է դասավորվել, որ մեր երկիրը աշխարհի խոշոր արտահանող երկրներից մեկն է: Իսկ ճգնաժամը ավերակների վերածեց այդ ամենը, ոչնչացրեց բոլոր հույսերը: Այդ տխուր և խավար ժամանակաշրջանում մենք Պաուլայի հետ որոշեցինք գործի անցնել և մեր փոքրիկ ներդրումն ունենալ Արգենտինայի ժողովրդի իրավիճակը բարելավելու համար: Բեպպե Բարեզիի ''Bindun'' ասոցիացիայի հետ ունեցած փորձը մեզ հուշեց, թե որտեղից պետք է սկսենք: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ մենք պարտավոր էինք ինչ-որ բան անել մեր երկրի համար, ծառայելու մեր ժողովրդին և, հատկապես, մեր երեխաներին: Ճգնաժամը դարձավ այս գործընթացի արագացուցիչը: Մեր սիրտը պատառոտում էին, հատկապես, տառապող երեխաների պատկերները: Ժամանակն էր կառուցել ինչ-որ կոնկրետ բան, մենք դա հասկացանք` տեսնելով Արգենտինայի երիտասարդ սերունդն առանց ապագայի: Կնոջս աջակցությունը կարևոր դեր խաղաց այս որոշումը կայացնելիս և, հատկապես, հասկանալու համար այն, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք: Այս գործում մեզ օգնեց նաև իմ համբավը: Կարծում եմ, յուրաքանչյուրը, հատկապես նրանք, ովքեր կարող են ապավինել իրենց հայտնի լինելուն, ունի սոցիալական պատասխանատվություն հասարակության նկատմամբ, որում նա ապրում է կամ մեծացել է: Առանց ուշացնելու, մենք մտքերից անցանք գործի մեր ընկերների և հարազատների ընկերակցությամբ, ովքեր նույնպես անհանգստացած էին այս դժբախտություններից և պատրաստ էին օգնության ձեռք մեկնել: Անվան ընտրության հարցում նույնպես երկար չմտածեցինք` «Fundación Пупи» - «Պուպի Հիմնադրամ»: Պուպի` իմ ֆուտբոլային մականունով, որը նաև հապավում է «Por un por integrado» կամ «Կառուցել հանուն ապագայի»: Ի սկզբանե, մեր գաղափարները հստակ դրված էին` Հիմնադրամի նպատակն է հոգալ երեխաների հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, կրթությունը, հիգիենան և օգնությունը նրանց ընտանիքներին: Խնդիրները, որոնց մենք հանդիպեցինք, առաջացել էին ոչ միայն տնտեսական անկման հետևանքով: Որոշ շրջանների անհարմարությունները, հատկապես Բուենոս Այրեսի ամենաաղքատ արվարձաններում, դեռևս արտացոլում էին դաժան իրականությունը: Արգենտինայի քաղաքային բնակավայրերում ավելի քան երկու և կես միլլիոն երեխաներ, նորածնային տարիքից մինչև 9 տարեկան, կազմում էին բացարձակ աղքատության մեջ ապրողների ընդհանուր թվաքանակի 48%-ը: Լանուսը այն շրջաններից մեկն էր, որտեղ այս ցուցանիշը հասել էր իր գագաթնակետին: Այդ պատճառով, մենք որոշեցինք մեր ուշադրությունը կենտրոնացնել այդ քաղաքի վրա, հատկապես Վիլլա Տրասեի Ռոմոդիոս դե Էսկալադա արվարձանում, որտեղ բնակչության գերակշռող մասը ստիված էր ապրել կիսաքանդ խրճիթներում, առանց ավելի լավ ապագա ունենալու որևէ հույսի: Մղոններով տարածվել էին թափուր տարածքները: Վիլլայից անմիջապես հետ Ֆիորիտոն էր, մեկ այլ դեգրադացվող ետնախորշ, որը հայտնի էր դարձել նրանով, որ այդտեղ էր ծնվել Դիեգո Մարադոնան: Շատ երեխաներ, ովքեր այդ վայրերում էին մեծանում, իրենք էին իրենց գլխի ճարը տեսնում: Ցավոք, ոչ բոլորին է վիճակված ծնվել Մարադոնայի քրոմոսոմներով և տաղանդով: Քանի որ երեխաները լքված էին և մատնված ճակատագրի հույսին, ապա, որպիսի գոյատևեին, նրանք բռնի շահագործվում էին մեծահասակների կողմից, վերջիններս նրանց ստիպում էին կամ թմրանյութեր վաճառել կամ մուրացկանություն անել: Պայքարելով ցավոտ սովի դեմ, երեխաները հաճախ էին փորփրում աղբարկղերը և թափառում աղբանոցներում` անընդունելի և դաժան բան, կարծես մենք վերադարձել էին Միջնադար: Մեր Հիմնադրամն այստեղ սկսեց իր աշխատանքը` աղքատության դռների միջև: Սկզբում 23 երեխա կար, այսօր մենք Պաուլայի հետ ավելի քան 150 երեխաների խնամատար ծնողներն ենք: Ընդհանուր առմամբ, հիմանդրամը հոգում է ավելի քան 1000 մարդկանց մասին, այդ թվում, երեխաների հարազատների: Այս ամենը իրականացվեց իմ աներոջ` Անդրես դե լա Ֆուենտեի շնորհիվ, նախկինում համալսարանի պրոֆեսոր, ով վերահսկում է Հիմնադրամը որպես նախագահ: Կնոջս մայրը` Մոնիկա Ջակոլետտոն, հոգեբան է, և նա առանցքային դեր է խաղում կրթական ծրագրի կազմակերպման հարցում: Շատ երեխաների համար Հիմնադրամը դարձել է առաջին տունը, անվտանգ վայր, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել կեսօրից հետո, ստանալ աճելու հնարավորություն` հարգելով այն հիմնարար սկզբունքները, որոնք նրանք նախկինում մերժում էին: Իրականացվեց տան հետ կապված գաղափարը, որը պետք է ծառայեր որպես ապաստան, պաշտպանություն և առողջ շրջակա միջավայր բոլոր անապահովների համար: Վերադառնալով իմ պատշարի անցյալին, երբ ես օգնում էի իմ հորը շինարարական հրապարակներում, նույնիսկ այն ժամանակ ես համոզված էի, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գլխին տանիք ունենալու: Եվ Հիմնադրամը դարձավ տուն շատ երեխաների համար, ելակետ ավելի լավ ապագայի համար: Ի սկզբանե, ծրագիրը նախատեսված էր միայն հյուրերի համար, բայց շուտով մենք հասկացանք, որ երեխաներն ապրում էին վիրտուալ իրականության մեջ` երկուշաբթիից ուրբաթ մենք նրանց առաջարկում էինք մեղմ և անվտանգ աշխարհ, բայց հանգստյան օրերին նրանք վերադառնում էին ընտանիք իրենց ցավալի իրականությամբ: Հենց դա էր պատճառը, որ որոշեցինք ընդլայնել ցանցը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամներին, որպեսզի կարողանայինք պայքարել անտեղյակության և աղքատության հետ ամբողջական ծրագրով: Շատ երեխաներ նույնիսկ պատկերացում չունեին հիգիենայի մասին, նրանք չգիտեին, թե ինչ է ցնցուղը, և երբեք չէին ճաշել` օգտագործելով սպասքի պարագաներ: Առաջին քայլը նրանց հիգիենայի տարրական կանոններին սովորեցնելն էր և 75%-ով ապահովել նրանց օրվա սննդակարգը ճաշի, ետճաշի և լավ երեկոյան ընթրիքի միջոցով, քանի որ այդ երեխաներից շատերի համար սովորական ճաշը անիրականանալի երազանք էր: Հիմնադրամի ծրագրերը մանրամասն ուսումնասիրվել են փորձագետների կողմից: Առավոտյան յուրաքանչյուր երեխայի տեղափոխում են դպրոց կամ մանկապարտեզ հատուկ ավտոբուսներով: Դասերի և ճաշի ավարտից հետո, երեխաները սկսում են լրացուցիչ պարապմունքները: Մասնագետները նրանց հետ զբաղվում են երաժշտությամբ, մարմնամարզությամբ, պարով, նկարչությամբ, թատերական արվեստով, լողով, ռեգբիով և, իհարկե, ֆուտբոլով: Վերջինը Ինտեր Կամպուսի շնորհիվ է, որը ամառային ամիսներին իր տարածքները տրամադրում է մեր երեխաներին և նրանց ավագ եղբայրներին: Ռեգբին ևս մեկ սպորտաձև է, որը բավական օգտակար է ճիշտ վարքագծի ձևավորման համար: Արգենտինայում դիտվում է մատչելիության մոտեցումը, և այն փաստը, որ մեր երեխաները, ովքեր ոչինչ չունեն, խաղում են` նշանակում է, որ նրանք հավասար են մյուսներին և նրանց մեկուսացումը բացարձակ չէ: Նրանք, ովքեր հատուկ հոգածության և ուշադրության կարիք ունեն, կարող են ապավինել լավ պատրաստված հոգեբանների աջակցությանը, ովքեր պատրաստ են օգնել բանավոր խոսքի, հոգեշարժողական կամ հոգեբանական զարգացման համար: Այսօր, ի լրումն ծնողական տանը, մենք ավելացրել ենք նաև երեք տուն Տրասայի մոտ, որտեղ աշխատանքներ են տարվում, գլխավորապես, կողմնորոշված միայն ընտանիքի անդամների համար: Նրանցից մեկում տեղակայված է կար ու ձևի փոքր արդյունաբերական գործարան, որը ստեղծել են կանայք, ովքեր ժամանակին վերապատրաստում են անցել մեր Հիմնադրամում: Այժմ նրանք իսկական դերձակներ և աշխատողներ են` նրանք սովորել են ճիշտ տնօրինել կանոնավոր ստացած աշխատավարձը, աշխատել գրաֆիկով, գործընկերների հետ հարաբերություններ հաստատել և տիրապետել մեքենայացված սարքավորումներին: Աշխատանքի տեղավորումը մեր նպատակներից մեկն է: Մի քանի ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ, մենք մեր Հիմանդրամի երեխաների ծնողներին առաջարկում ենք տարբեր դասընթացներ անցնել: Շինարարական աշխատանքներ, բանջարեղենի աճեցման մեթոդների ուսումնասիրություն, տեխնիկական խորհրդատվություն, որն օգնում է սեփական ձեռքեով կառուցել իրենց տունը: Երկրորդ տունը ծառայում է որպես պահեստ, իսկ երրորդ տանը իրականացվում մեր "Mama Amor” (''Մայրական սեր'') նախագիծը, որտեղ մենք աշխատում ենք հղի կանանց և նորածիննների հետ: Մեր նպատակն է սեմինարների միջոցով սովորեցնել մայրերին և ապագա մայրիկներին ինչպես խնամել երեխաներին, նրանց հիգիենան, և կերակուր պատրաստել: Մյուս սեմինարների ընթացքում մենք սովորեցնում ենք երեխաների հետ ճիշտ վերաբերմունքին, նրանց հետ շփվելուն, խաղերին: Բացի այդ, յուրաքանչյուր կին այստեղ կարող է ստանալ բժշկական օգնություն, քանի որ կենտրոնում աշխատում են գինեկոլոգներ և մանկաբարձներ: Հիմնադրամի գոյության այս յոթ տարիների ընթացքում, ամենամեծ ուրախությունը` երեխաների նվաճումները տեսնելն էր: Նրանք մեզ մոտ էին գալիս հազարավոր խնդիրներով, իսկ հետո, կարծես նորից ծնվեին, այն սիրո և խնամքի շնորհիվ, որ ամեն օր ստանում էին մեր Հիմնադրամում: Մենք Պաուլայի հետ այնտեղ ժամանելիս միշտ տոն ենք կազմակերպում: Ջերմությունը, սերը, ուրախությունը, որ մեզ տալիս են երեխաներ, սահմաններ չունեն: Ինձ դուր է գալիս ազատ ժամանակս անցկացնել նրանց հետ, պատմել նրանց իրենց ձեռքբերումների մասին, երբ գիտես, որ միայն քո ներկայությունը նրանց համար կարող է ուրախության և հանգստության աղբյուր լինել: Նրանք միշտ վազում են ինձ մոտ, երբ տեսնում են ինձ, գրկում են ինձ, ցատկում են գիրկս, իսկ ես ինձ զգում եմ կարծես նրանց կապիտանոն: Վերջին տարիներին ես բազմաթիվ հրաշալի պատմությունների ականատես դարձա: Ես երբեք չեմ մոռանա, ինչպես էր Մարտինը վազում ինձ մոտ` բացականչելով իմ անունը: Մեկ այլ հրաշալի պատմություն է Գիզելայի պատմությունը: Նա միացել է Հիմանդրամին 4 տարեկան հասակում, այս երեխան սոցիալական աջակցության կարիք ուներ` մտավոր հետամնացության պատճառով, նույն խանգարումը նկատվում էր նաև նրա մոր, քույրերի և եղբայրների մոտ: Երկու տարի հոգեբանների հետ քրտնաջան աշխատանքից հետո Գիզելան կարողացավ մտավոր զարգացվածությամբ հասնել իր հասակակիցներին և ընդունվեց տարրական դպրոց ինտելեկտի նորմալ մակարդակով: Նա դատապարտված էր անգրագիտության և սոցիալական մեկուսացման: Բայց ամբողջական վերականգնողական ծրագրի շնորհիվ դարձավ մի փոքրիկ աղջիկ` նույնպիսի հնարավորություններով և հույսերով, ինչպես մյուսները: Այժմ Գիզելան ավարտում է տարրական դպրոցը և երբեք չի մնացել երկրորդ տարի: Կա նաև Նասարենայի պատմությունը, ով երկար տարիներ հարբեցող հոր բռնությունների զոհն էր: Նա եկավ մեզ մոտ, երբ հինգ տարեկան էր` շրջապատի հետ հարաբերությունների շատ լուրջ խնդիրներով: Հիմնադրամի միջամտությամբ հորը տանից հանեցին: Այժմ երեխան ապրում է իր տատիկի հետ, և այժմ, 7 տարի անց, նա բոլորովին այլ մարդ է: Նասարենան ծիծաղում է, խաղում և կատակում: Նա իրեն անհրաժեշտ այնքան սեր ունի, շրջապատի այն մարդկանցից, ովքեր հասկանում են նրան, խաղում են նրա հետ, և ում շնորհիվ, նա կրկին ժպտում է: Վերջապես կա նաև Դենիզի պատմությունը, ով Հիմնադրամին միացավ 4 տարեկան հասակում: Նա չէր կարողանում քայլել փոքր ֆիզիկական արատի պատճառով: Բայց իրական խնդիրն այն էր, որ ոչ ոք և երբևէ չի նպաստել նրան, որ նա քայլի, ոչ ոք չի եղել նրա կողքին: Մեկ տարվա ընթացքում շաբաթական երկու անգամ նա ֆիզիոթերապիա էր անցնում: Ֆիզիկական վարժությունների երկար պարապմունքեր, թեստեր` և Դենիզը սկսեց մեծ առաջընթաց արձանագրել: Այսօր նա ինը տարեկան է, և հիանալի քայլում է: Հիմնադրամի գաղափարը անմիջապես գրավեց իմ թիմակիցներին: Ես պետք է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Ինտերին և իմ ընկերներին, ովքեր միշտ օգնության ձեռք են մեկնում ինձ, ոգևորությամբ մասնակցելով մեր բոլոր բարեգործական միջոցառումներին: Առաջինը, ով հասկացավ նախագծի ամբողջ կարևորությունը և սոցիալական արժեքը, իմ ընկեր Իվան Սամորանոն էր: Քանի որ Չիլին, այն ժամանակ, նույնպես ցնցվում էր խնդիրներից, երկիրը գտնվում էր տնտեսական ճգնաժամի և աղքատության ճիրաններում: Նրա աջակցության շնորհիվ առաջին քայլն արվեց Հիմնադրամի համար միջոցներ հավաքելու համար: Այդպիսի կազմակերպության կառավարման ծախսերը հսկայական էին` 300 հազար եվրո տարեկան, բայց չնայած դժվարություններին, մենք շարունակում էինք հավատալ և ընդլայնել մեր ուղին, չէ որ մենք գտել էին հրաշալի մարդկանց, ովքեր ցանկանում էին աջակցել մեզ: Ինքնաֆինանսավորման միջոցով կյանքի էին կոչվում բազմաթիվ գաղափարներ, և դրանցից շատերը վերահսկում էր կինս: Նա համացանցի միջոցով մշտական կապի մեջ է Հիմնադրամի հետ: Պաուլան ամբողջ օրեր է անցկացնում` կազմակերպելով բարեգործական միջոցառումներ, նոր գաղափարներ է գտնում, այդ գաղափարների իրագործման համար նոր մարդկանց է ներգրավում սպորտի և շոու-բիզնեսի աշխարհից: Լուսանկարչության նկատմամբ նրա կիրքը մեզ նույնպես պետք եկավ: Մենք օրացույցներ էինք արտադրում, նրանցից վերջինը Պաոլո Մալդինիի հետ էր` Միլանի ավագի, և շատ ճիշտ մարդու: Հաճախ են ասում` ֆուտբոլը սպորտ է, որ հանրահայտ է դառնում երես առած երեխաների, ագահ մարդկանց միջոցով, ովքեր մտածում են միայն փողի և հաջողության մասին: Ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել ճիշտ հակառակը, ֆուտբոլում, իմ խաղընկերների մեջ ես գտա բարեխիղճ մարդկանց, ովքեր միշտ պատրաստ են օգնել: Հիմնադրամի համար միջոցներ հավաքելու հաջող նախաձեռնություններից մեկը դարձավ е-bay էլեկտրոնային պորտալում աճուրդի կազմակերպումը, որտեղ վաճառվում են իմ թիմակիցների մարզաշապիկները և մարզաշապիկներ, որոնք փոխանակվում եմ դաշտում հանդիպումներից հետո: Իտալական մեծահոգությունը հաճելի անակնկալ էր, քանի որ, եթե այսօր 150 երեխաներ և նրանց ընտանիքները կարող են ունենալ ավելի լավ ապագայի հույս, ապա դա հիմնականում այդ մեծահոգության շնորհիվ է: Երեխաներին կարելի է աջակցել կամ «որդեգրել», նվիրաբերելով օրական ընդամենը 1 եվրո: Դա նշանակում է, որ երեխաները ապահովված կլինեն սննդով, կրթությամբ, դեղորայքով և հագուստով: Մեր Հիմնադրամը ունի կարգախոս «Չկան այնքան ուժեղներ, որպեսզի միայնակ գնան, և չկան այնքան թույլեր, որպեսզի չօգնեն կարիքավորներին»: Իմ խաղընկերների աջակցությունը չի սահմանափակվում միայն մարզաշապիկներ նվիրելով: Շատերը մասնակցում են միջոցառումների, որոնք մենք իրականացնում ենք ամբողջ տարվա ընթացքում: Սուրբ Ծնունդին, երբ Արգենտինայում տաք է, արդեն ավանդույթ է դարձել կազմակերպել բարեգործական խաղ Բուենոս Այրեսում, Բոկա Խունյորսի լեգենդար Բոմբոներե մարզադաշտում: Անցյալի և ներկայի չեմպիոնները, Ինտերի իմ խաղընկերները և իմ նախկին թիմակիցները շարունակում են առատորեն օգնել: Եվ դա միշտ տոն է, խաղալ ֆուտբոլ` իմանալով, որ ֆանտաստիկ տրամադրություն ես ստեղծում, նաև հասկանալով, որ մեր ներկայությունը խաղադաշտում կարող է օգնել գոնե մեկ երեխայի, իսկ դա անգին է: Կրկին կասեմ, չկա ավելի հիասքանչ բան, քան ուրիշներին օգնելը: Բացի այդ, մեր օգնության հայեցակարգը ողջունում և ընդունում են նաև շատ արվեստագետներ: Վառ օրինակ է «Stelle e Pupi» («Աստղերը և Պուպին») հավաքածուի թողարկումը, որը պարունակում է սկետչեր, որոնք ինձ օգնել են անել այնպիսի մարդիկ, ինչպես Ligabue (երաժշտության լեգենդ), Ալդոն, Ջովաննին և Ջակոմոն, Ալե և Ֆրանսը, Gialappa խումբը և իմ ընկեր Ռոբերտո Բաջոն: Նրանց շնորհիվ և երկրպագուների սիրո, ովքեր աջակցում ենք Հիմնադրամին (ոչ միայն Ինտերիստները), այսօր Լանուսի երեխաները կարող են հավատալ ավելի խաղաղ և երջանիկ վաղվա: Ես պատասխանատվություն եմ զգում նրանց ապագայի համար, և ես ցանկանում եմ շարունակել այս աշխատանքը իմ համախոհների հետ, ամենից առաջ իմ կնոջ հետ` Հիմնադրամի ղեկավարի, նա ամեն օր իմ կողքին է, օգնում է ինձ հետևել իմ երազանքին: Երբ 2005 թվականին Միլան քաղաքը ինձ, Հիմնադրամի իմ գործունեության համար, պարգևատրեց քաղաքի կարևորագույն պարգևներից մեկով` Ambrogino d’оро, ինձ համար դա կարծես Ոսկե Գնդակի հաղթանակ լիներ: Եվ այդ ճանաչումը օգնելու բազմաթիվ փորձերի համար, որ արվել էին վերջին տարիներին, ստիպում է կանգ չառնել և շարունակել սկսած գործը: Բայց մենք ճանապարհի սկզբում չենք, մեր երեխաները մեր ապագան են, և ավելի լավ կյանքի նրանց հույսը, գլխավորապես, կախված է մեզանից: Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 1795 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |