Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
15.11.2012, 03:39 | |
Մասեր`
Գլուխ 11. Ավագի մկանները Հաջորդող մրցաշրջանում կրկին չիրականացան հազարավոր սպասումներ: Եվս մեկ անգամ Մորատտին ամեն ձևով փորձեց նախապատրաստել թիմ, որն ի վիճակի կլիներ մրցակցել բոլոր մրցաշարերում: Ավելի շատ մեծագույն խաղացողներ եկան, այդ թվում Ռոբերտո Բաջջոն, ում վիճակված էր դառնալ իմ ամենամոտ ընկերներից մեկը: Ռոբիի նկատմամբ միանգամից համակրանք առաջացավ: Նա կորցրել էր իր սերը` Արգենտինան, մի երկիր, որտեղ նա հաճախ անցկացնում էր արձակուրդներն իր կալվածքում: Դա է պատճառը, որ մեր միջև անմիջապես փոխադարձ համակրանք առաջացավ, մասամբ նաև բնավորությունների նմանությունը նպաստեց դրան: Արտաքինով երկուսս էլ բավականին երկչոտ ենք երևում, բայց իրականում մենք մարդիկ ենք, ովքեր սիրում են ծիծաղել և կատակել ընկերների շրջապատում: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այնպիսի հանճարի հետ, ինչպիսին Բաջջոն է: Ափսոս, որ նա Ինտեր եկավ չափազանց ուշ և որոշ ֆիզիկական խնդիրներով: Միայն նրա ներկայությունը, իր բարձր կարգի հետ համատեղ, շատ կարևոր դեր ունեցավ այն երկու տարիների ընթացքում, որ նա անցկացրեց Միլանում: Ռոբին իմ այն թիմակիցներից մեկն է, Իվան Զամորանոյի հետ, ում ես ամենաշատն եմ կարոտում: Եվ, անկասկած, իմ պատկերացրած Ինտերում նա միշտ ունի իր տեղը` իր 10 համարի մարզաշապիկով: Մեր ընկերությունը չէր սահմանափակվում միայն խաղադաշտում: Մենք շատ արձակուրդներ ենք անցկացրել միասին Արգենտինայում , և նա ինձ տվեց կյանքիս ամենալավ նվերներից մեկը: Մի գիշեր, երբ մենք առանձնասենյակում էինք, նա ինձ ցույց տվեց մի տեսագրություն, որտեղ որս է անում մի քանի շների հետ: Նրանց մեջ մի երիտասարդ լաբրեյդոր կար, որն ինձ միանգամից շատ դուր եկավ: Մի քանի օր անց մենք դրսում ճաշում էինք: Հանկարծ Ռոբին ինձ խնդրեց իր հետ գնալ մեքենայի մոտ ու մի րոպեով օգնել: Նա բացեց դուռը , և մեքենայի խցիկից պոչը թափահարելով դուրս ցատկեց այն նույն շունը, որին տեսել էի տեսագրության մեջ: "Սա քո նվերն է”,- ասաց նա: Այդ օրվանից Սիմբան իմ ընտանիքի անբաժան մասն է: Միաժամանակ, վերադառնալով ֆուտբոլին, նշեմ, որ, այդ ժամանակ թիմը ղեկավարում էր Ջիջի Սիմոնին, բայց մի քանի օր անց մարզիչի պաշտոնում մեկ այլ փոփոխություն հաստատվեց: Չնայած նախորդ տարվա լավ արդյունքներին, և նաև այն , որ թիմը դեռ մրցում էր չեմպիոնների լիգայում, ղեկավարությունը որոշում կայացրեց հեռացնել Ջիջիին, մի մարդու, որին բոլոր խաղացողներն էին սիրում, բայց որն ամենակարևորն է, նա իսկական ինտերիստ էր: Դա է պատճառը, որ երկրպագուները դեռ մեծ կապվածությամբ են հիշում նրան: Նրան հաջորդողը Միրչա Լուչեսկուն էր, բազմիցս ճանապարհորդած ռումինացի, գործի մեծ գիտակ , որը նաև շատ ընկերական էր խաղացողների հետ: Նրա հետ Լուգանոյի դեմ ընկերական խաղի ժամանակ ես խաղացի որպես երկրորդ հարձակվող: Սկիզբը նոր մարզչի հետ շատ խոստումնալից էր` գոլերի տարափ լիգայում, հատկապես Սան Սիրոյում, որտեղ գրեթե բոլոր հակառակորդները ստիպված էին թանկ վճարել: Սակայն ամեն ինչ աստիճանաբար բարդանում էր: Ոչ արժանի դուրս մնացինք չեմպիոնների լիգայից, Մանչեստր Յունայթեդի հետ խաղի ընթացքում (Սիմեոնեի գոլը անարդար ձևով չեղյալ համարվեց) և փոփոխական իրավիճակը առաջնությունում հանգեցրին մեկ այլ հեռացման: Իրավիճակն այդ ժամանակ վատթարացած էր, թիմը կախված էր իրադարձությունների քմահաճույքից, և մթնոլորտը բավականին լարված էր: Դա միանշանակ ամենաբարդ մրցաշրջանն էր, իմ Ինտերի եղած տարիներում: Այդ շարունակվող փոփոխությունները խաղացողներին չէին ուրախացնում: Այնուհետև թիմի մարզիչ դարձավ Լուչիանո Կաստելլինին, ով մինչ այդ դարպասապահի մարզիչն էր: Խաղացողների կողմից նա գնահատվում էր իր կազմակերպչական ու տեխնիկական ունակությունների, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ: Բայց իրավիճակը դեպի լավը չփոխվեց: Դրա պատճառով մենք ավելի հուսահատ ու նյարդային վիճակում էինք: Giaguaro-ի արկածը, այսպիսի մականունով էին բոլորը կոչում Կաստելլինիինi, տևեց ընդամենը չորս խաղ: Եվս մեկ փուլ, ևս մեկ հեռացում: Այդպիսով Ռոյ Հոջսոնը վերադարձավ մրցաշարային վերջին չորս օրերի ընթացքում: Նա այն մարզիչն էր, որ մեզ հասցրեց ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ: Մենք այդ մրցաշրջանը փակեցինք շատ վատ արդյունքներով ` գրավելով ութերորդ տեղը և 24 միավորով զիջելով Միլանին` Իտալիայի չեմպիոնին: Բայց մենք չկարողացանք նույնիսկ մտնել Եվրոպայի գավաթի առաջնություն, որովհետև պարտվեցինք նույնիսկ Բոլոնիային փլեյ-օֆֆ փուլում: Այդ տարի մենք չորս մարզիչ փոխեցինք, և դա Ինտերում ունեցած իմ ամենամռայլ շրջաններից է : Եվ դա միայն մեր սխալների պատճառով էր, ոչ վատ մրցավարությունն էր պատճառը, ոչ էլ հետապնդող անհաջողությունը: Դա ուղղակի մի քանի երևույթների ամբողջություն էր: Երևի չափազանց մեծ էր ճնշումը, կամ էլ հավանաբար թիմն էր շատ մեծ, կամ էլ պատճառը կարող է լինել մարզչի պաշտոնում հաճախակի կատարվող փոփոխությունները: Փաստն այն է , որ ոչ ոք չէր կարող պատկերացնել այդպիսի վատ մրցաշրջան: Ամենածանրը Մորատտիի համար էր, որը շատ է սիրում իր Ինտերին և չէր ուզում հանձնվել: Եվ հաջորդող մրցաշրջանում Միլան հրավիրեց վերջին տարիների ամենահաջողված մարզչին `Մարչելո Լիպպիին, մեր պատմական թշնամի Յուվենտուսի նախկին մարզչին: Ինձ համար նոր տարին սկսվեց հաճելի նորություններով: Տարիների պատվավոր կարիերայից հետո, որը Բեպպե Բերգոմին ամվողջությամբ նվիրել էր Ինտերին, որոշեց իր խաղակոշիկները կախել մեխից: Խաղակոշիկներից բացի, lo Zio-ն նաև թողեց իր լեգենդար ավագի թևկապը, որը նա պատվով և արժանիորեն կրել էր շատ մրցաշրջաններ շարունակ: Բերգոմիի հետ հեռացավ նաև Ջանլուկա Պալյուկան` դարպասապահը, և Ինտերի մյուս սիրելին, որը մինչ այդ հանդիսանում էր փոխավագ: Այսպիսով մենք մնացինք առանց մեր պատմական առաջնորդների, առանց այդ հարուստ փորձով խաղացողների, առանց դաշտի ներսում և դաշտից դուրս գտնվող այդ երկու սյուների, առանց երկու հանճարեղ մարդկանց ու խաղացողների: Այդ տարի թիմը բավականին երիտասարդ էր, ավելի ճիշտ, մի քանի խաղացողներ կային , որ երկար ժամանակ խաղացել էին Ինտերի կազմում: Ինտերի ավագ դառնալու պատիվը հասավ նաև ինձ: Ընդամենը 26 տարեկանում ես ինձ գտա թևկապով, համալրելով այն լեգենդար խմբի ժառանգորդների ցանկը, որի մեջ մտնում էին Բերգոմին, Բեպպե Բարեսին, Ալտոբելլին, Բինին և մինչև վերջերս Մացոլան, Ֆակետտին, Պիչին և Մեացցան: Ինտերում արգենտինացի ավագ դեռ երբեք չէր եղել: Ինձ համար դա հսկայական գոհունակության զգացում էր, որը հիմա անիմաստ է թվում: Նույնիսկ այսօր` տաս տարի անց, Ինտերի թևկապ կրելը ինձ համար անսահման հպարտություն է, և պարծենալու առիթ է տալիս այն միտքը, որ այսքան երկար ժամանակ եղել եմ թիմի, երկրպագուների և ղեկավարության ուշադրության կենտրոնում: Հենց սկզբից` Միլան վայրէջք կատարելու պահից, ես ինձ զգում էի Ինտերիստա: Իսկ այժմ, տարիներ անց, այժմ ես ոտքից գլուխ Ներաձուրրո եմ: Որպեսզի պատկերացնեք, ես գնեցի սև մեքենա, որին ավելացրի կապույտ գիծ` վրան կլոր շրջանակով և մեջտեղում 4 համարը, որն անցնում էր մեքենայի երկայնքով : Նմանատիպ բան արեցի նաև տանը. իմ լոգարանը ամբողջությամբ պատված է Ներաձուրրիի գույներով, և իհարկե ''համար 4'' մանրանկարով: Բայց այս ամենը միայն մի մասն է, որով կարող եմ արտահայտել , թե ինչքան խորն են այդ գույները մխրճված իմ հոգու և սրտի մեջ, առանց որոնց ես չեմ կարող ապրել: Ավագ դառնալը ենթադրում էր շատ փոփոխություններ իմ դերի մեջ, թևկապ կրելը նշանակում է ունենալ ավելի շատ պարտականություններ: Դա նշանակում է ուղեկցել թիմին, որպես առաջնորդ և օրինակ ծառայել իմ թիմակիցներին, հատկապես ավելի երիտասարդներին: Դա նշանակում է լարել մկանները թիմակիցներին և հակառակորդներին ձայնս լսելի դարձնելու համար: Հետագայում քիչ-քիչ սովորեցի, ավելի ու ավելի վստահ դարձա: Ես ճիշտ տեղում էի և դա իմ իդեալական վիճակն էր: Առաջին մրցաշրջանը Լիպպիի հետ սկսվեց, ինչպես միշտ, շատ բուռն: Բոլորի համար մենք Սկուդետտոի ֆավորիտներն էինք, մենք ունեինք ամենալավ մարզչին ու թիմն ամենալավն էր: Ավելին, քանի որ Եվրոպան Լիգան չկար, մենք պետք է մտածեինք առաջնության մասին: Ինչ վերաբերում է ինձ, ես կրկին փոխեցի իմ դերը, որը նորմալ էր իմ կարիերայի համար: Ես պետք է ճիշտ խաղայի, և կիսապաշտպանությունում` 4-4-2 –ում: Առաջին խաղը հրաշալի ընթացավ: Սան Սիրոյում կայացած Բուֆոնի և Կաննավարոյի Պարմայի դեմ տարած 5-1 հաղթանակով ` Զամորանոյի փոխանցումով և Վիերիի ստրատոսֆերիկ գոլով: Բոբոն շատ լավ անձնավորություն է /շատ առիթներով ինձ բավականին օգնել է/, և չնայած նրա մասին պտտվող բամբասանքներին , նա ուժեղացրեց կենտրոնական հարձակումը , նրա հետ էին նաև Ռոնալդոն, Զամորանոն, Բաջջոն և Ռեկոբան: Աշխարհի քիչ թիմեր կարող են պարծենալ նմանատիպ «դասակով»: Բայց, աստիճանաբար ամեն ինչ սկսեց սխալ ընթանալ: Թիմի անդամներից շատերը վնասվածքների պատճառով դուրս եկան շարքից: Ռոնալդոն, դժբախտաբար, լուրջ վնասվածք ստացավ մրցաշարի 10-րդ օրը, Լեչչեի դեմ խաղում (որն ավարտվեց 6-0, որտեղ ես նույնպես գոլ խփեցի) և վերադարձավ միայն մրցաշրջանի վերջում: Այդ տարի շատ այլ խաղացողներ ֆիզիկական խնդիրներ ունեցան: Փաստն այն է, որ մի քանի ամիսների ընթացքում մենք դուրս մնացինք Սկուդետտոյի համար մղվող պայքարից, որի ժամանակ Լացիոն չեմպիոն դարձավ: Հունվարին նոր խաղացողներ եկան թիմը ուժեղացնելու, բոլորն ամենաբարձր մակարդակի`Կլարենս Զեեդորֆ, Ադրիան Մուտու, Իվան Կորդոբա: Վերջինիս հետ,ինչպես պատահել էր Բաջոյի և Զամորանոյի դեպքում , միանգամից ընկերացանք: Հիշում եմ, երբ կնոջս հետ գնացի օդանավակայան նրան ու իր հղի կնոջը դիմավորելու և հրավիրելու մեր Կոմոյի տուն մի քանի օր հյուրընկալվելու: Իվանը մինչ օրս իմ ամենալավ ընկերներից է : Նրա նման մարդիք քիչ են ` լուրջ, ազնիվ, անկեղծ, աշխատասեր և Ինտերիստա: Ես կարծում եմ, որ նա մեր ներկայիս խաղացողների ամենամեծ ամենամեծ Ինտերիստայի սիրտն ունի: Պատահական չէ, որ նա փոխավագ է, իր խառնվածքի, բնավորության և հանգստության շնորհիվ տպավորությունն այնպիսին է, որ նա էլ է թևկապ կրում: Կորդոբան ոչ միայն շատ պայքարներ է ձեռնարկել դաշտում այլև իմ գործընկերն է եղել տարբեր մարդասիրական նախաձեռնություններում: Մենք կիսում ենք նույն սկզբունքներն ու նույն արժեքները: Այդ գաղափարով ծնվեց Կոլումբիայի Հիմնադրամը: Դա մի նախագիծ է ստեղծված կոլումբիայի կարիքավոր երեխաների համար, որը մենք ղեկավարում ենք նրա կնոջ ` Մարիայի հետ: Չնայած նոր խաղացողների ձեռքբերմանը, իրավիճակը շատ չփոխվեց: Հաշվի առնելով մեր դիրքերը ես քննարկումներ ունեցա Մարչելո Լիպպիի հետ, որն ավելի շատ բախման էր նման: Նա գերազանց մարզիչ է (կենսագրությունն իրենն ասում է), բայց, հավանաբար, Ինտեր մտնելով` նա այնքան էլ չմտավ նոր իրականության մեջ: Հավանաբար, նա դեռ չախազանց կապված է իր նախկին թիմի և խաղացողների հետ, որոնք հանդիսանում են մեր թշնամիները, հակառակորդը, որին պետք է պարտության մատնել: Արդյունքում, մրցաշրջանի ավարտին մենք հայտնվեցինք չորրորդ հորիզոնականում, Պարմայի հետ միասին: Թայբրեյքը հաղթեցինք մենք` Զամորանոյի գոլով և Բաջջոյի երկու կախարդական հարվածներով: Թարգմանությունը անգլերենից հայերեն : Աշխեն Օհանջանյան | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 1849 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |