Գլխավոր էջ » Ֆայլեր » Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, |
19.06.2013, 21:40 | |
Մասեր`
Գլուխ 15. Ես Ինտերիստ եմ Մայիսի 5-ի հիշողությունները ոչ մի կերպ չէին ցանկանում լքել մեզ, նույնիսկ 2002-ի Աշխարհի առաջնությունը չկարողացավ հեռացնել կորցրած Սկուդետտոյի մասին մտքերը: Եկավ օգոստոսը, և դրա հետ նոր մրցաշրջանը, Ինտերում այդ ընթացքում շատ բան փոխվեց: Ռոնալդոն` Ներաձուրրիի երկրպագուների ամենասիրված խաղացողը, որոշեց իր կարիերան շարունակել Իսպանիայում` Մադրիդի Ռեալում: Ես երբեք չեմ կիսել նրա այդ ընտրությունը և չեմ համաձայնվել այն շարժառիթների հետ, որ նրան ստիպեցին հեռանալ Միլանից` ենթադրաբար Հեկտոր Կուպերի հետ տարաձայնությունները: Ես ասել եմ դա այն ժամանակ, և ես կրկնում եմ հիմա` Ռոնին մեծագույն խաղացողներից մեկն է, գուցե լավագույնը, ում հետ ես հնարավորություն եմ ունեցել խաղալ, բայց Մասսիմո Մորատտին և Ինտերի միլլիոնավոր երկրպագուներ, որոնց համար նա իսկական կուռք էր դարձել, ամբողջ այդ ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքներից, տառապում էին և սպասում նրա հետ միասին: Հանուն Ռոնալդոյի, բոլոր այն փորձություններից հետո, որ բաժին հասան նրան, ես հրաժարվեցի ավագությունից, դրանով իսկ, ցանկանալով ցույց տալ, որ թիմը աջակցում է նրան, և թե որքան կարևոր է նա բոլորիս համար: Դա բավարար չեղավ: Գիտեք, ֆուտբոլը կարծես մեծ ճախարակ լինի` խաղացողները, տնօրենները, նախագահները, մարզիչները, այս ամենը միահյուսվում է, մանվում, սակայն ակումբի գույները մնում են անփոփոխ: Կուպերի ղեկավարության երկրորդ տարում արգենտինական խումբը զգալիորեն մեծացավ: Բացի ինձնից, Նելսոն Վիվասից, Մատիաս Ալմեյդայից, Անդրես Գուլյելմինպետրոյից, եկան Կիլի Գոնսալեսը, Էրնան Կրեսպոն, իսկ ավելի ուշ, մրցաշրջանի ընթացքում միացավ մեկ այլ մեծ հարձակվող` Գաբրիել Բատիստուտան: Նույնիսկ առանց Ռոնալդոյի` մեր ամենաստղային խաղացողի, Ինտերը լավ արդյունքներ էր ցուցադրում առաջնությունում, իսկ ահա եվրոպական ասպարեզում մեզ կրկին սպասում էր մեծ հիասթափություն, որի մասին նույնիսկ հիմա, այսքան տարի անց, ինձ համար շատ ցավալի է հիշել: Վերջին քառորդ դարում Ներաձուրրին առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, և բոլորը ցանկանում էի խուսափել երկրորդ իտալական ակումբի հետ հանդիպումից: Վիճակահանությունից հետո, որի արդյունքում մեր մրցակիցը դարձավ Միլանը, մենք մի քանի օր չէինք խոսում այդ մասին: Մյուս կողմից, դա առաջին եվրո-դերբին էր պատմության մեջ, մինչ այդ մեր ակումբները երբեք չէին հանդիպել եվրոպական մրցաշարի շրջանակներում: Կարծում եմ, որ շատ հեշտ է պատկերացնել, թե ինչպիսի ճնշում և լարվածություն էր խաղից առաջ: Դերբին միշտ էլ արտասովոր խաղ է, էմոցիաները դուրս են գալիս սահմաններից: Ներաձուրրի և ռոսսոների` սա պարզապես Միլանի երկու թիմեր չեն, սա երկու հակադիր խաղաոճեր են, և փիլիսոփայություն: Ես միշտ անկեղծ հարգանքով եմ վերաբերվել մեր «զարմիկներին» և, առաջին հերթին, Պաոլո Մալդինիին, իմ կարծիքով, բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը: Մինչ այդ պահը դերբին դիտվում էր որպես մենամարտ` քաղաքում գերակայության համար, սակայն 2003-ի մայիսին, այն դարձավ ինչ-որ ավելի մեծ բան` քարտեզին էր դրված Եվրոպայում գերիշխանության հարցը, իսկ Միլան քաղաքը դարձել էր միջմայրցամաքային ֆուտբոլի մայրաքաղաքը: Դա պարզապես դերբի չէր, այլ Եվրո-Դերբի: Առաջին խաղն ավարտվեց զրոյական հաշվով, այդքան էլ ուրախալի արդյունք չէր երկու թիմերի համար էլ, բայց մենք գոհ էինք ամեն դեպքում, քանի որ մեր խաղը պարտության էր նման: Պատասխան 90 րոպեների ընթացքում մենք չէինք կարող մեզ թույլ տալ թուլանալ և ոչ մի վայրկյան, դա կրքի ևս մեկ շաբաթ էր: Փողոցներում, թերթերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ բոլորը խոսում էին միայն Ինտեր- Միլան խաղի մասին: Խփած մեկ գնդակը կարող էր երազանքն իրականություն դարձնել` խաղալ եզրափակչում հինգ տասնամյակ սպասումից հետո: Հիշում եմ, որ այդ երեկո Սան Սիրոյում քաոսն էր տիրում` տրիբունաներում բացակայում էին նստատեղերի կեսը, և բառացիորեն ամենուր, և հատկապես Կուրվա Նորդից, երևում էին սև և կապույտ գույները: Խաղը գրեթե հավասար բնույթ էր կրում, բայց առաջին խաղակեսի ավարտին մեզ վրա կարծես սառը ցնցուղ թափվեց` Շևչենկոն ազատվեց Կորդոբայի հսկողությունից և խոցեց Տոլդոյի դարպասը: Այնպես որ, մենք արդեն պետք է երկու գնդակ խփեինք: Ընդմիջումից հետո բոլոր ուժերը ուղղվեցին խաղատախտակի վրա հաշիվը վերականգնելուն, և մեծամասամբ մեր երկրպագուների աջակցության շնորհիվ, եզրափակիչ սուլիչից 8 րոպե առաջ, Մարտինսը խփեց պատասխան գնդակը: Խաղը դարձավ էլ ավելի հետաքրքիր: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին մենք, մեր երկրպագուների բուռն աջակցությամբ, առաջ նետվել ռոսսոներրիի դարպասներին, բայց այդ եզրափակիչ հարձակումը մեզ ցանկալի արդյունքին չբերեց: Մրցավարի սուլիչ և հույսերի փլուզում: Ֆիզիկական և հոգեբանական սպառում: Զայրույթի զգացումն ու հիասթափությունը պատառոտում էին ինձ, և հուսահատությունից ես սկսեցի արտասվել: Ես երեխայի պես լաց էի լինում և չէի կարողանում կանգ առնել: Այսօր, ետ նայելով, ես չեմ կարող ասել, որն էր ավելի դժվար վերապրել` պարտությունը Միլանին, թե մայիսի 5-ի պարտությունը: Կարծում եմ` դրանք գրեթե համարժեք կորուստներ էին: Հաջորդ տարին շատ փոփոխություններ բերեց: Առաջնության վեց տուրից հետո, Կուպերը, ում ղեկավարությամբ մենք մի քայլ էին հեռու Չեմպիոնների Լիգայի եզրափակչից, ազատվեց աշխատանքից: Այդ մրցաշրջանն Ինտերն այնքան էլ լավ չսկսեց, և Մորատտին որոշեց այդ կերպ սթափեցնել թիմին: Եկավ Ալբերտո Ջակկերոնին, ով հայտնի Ինտերիստ է, չնայած այն բանին, որ իր գլխավորությամբ միլանյան մյուս ակումբը 1999-ին նվաճեց Սկուդետտոն: Նոր մարզիչը շատ ժամանակ չուներ, որպեսզի իր տակտիկական մտահղացումները ամրապնդեր թիմում, և այդ մրցաշրջանը մեզ համար ոչնչով հիշարժան չդարձավ` չորրորդ տեղն առաջնությունում և եվրոպական մրցաշարին մասնակցելու իրավունք: 2004-2005 մրցաշրջանը բացեց հաղթանակների երկար սպասված շարքը` Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ, նախկին մեծ ֆուտբոլիստ, ում դեմ ես մի քանի անգամ խաղացել եմ, այդ թվում 1998 թվականի ՈՒԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում: Այդ ընթացքում արգենտինացի լեգեոներների քանակը թիմում ավելի էր մեծանում` եկավ Կրուզը` իմ խաղընկերը Բանֆիլդից, Գոնսալեսը, Վերոնը, Բուրդիսոն և Էստեբան Կամբիասսոն: Առաջին երկու մրցաշրջանները Մանչինիի հետ հիմնականում ուսուցողական բնույթ էին կրում` փոխվում էր խաղաոճը: Մեր գործերը Ա Սերիայի ֆուտբոլային դաշտում փոփոխական հաջողություններով էին ընթանում, բայց Իտալիայի Գավաթի նվաճելը Ռոմայի դեմ եզրափակիչ խաղում, թիմի, որը հետագայում դարձավ մեր հիմնական մրցակիցը առաջնությունում, դարձավ Ինտերի ապագա հաղթանակների առաջին քայլը: Եվրոպական մրցաշարում մեր դիրքը, կարծես, ավելի քիչ լավատեսական էր: Ճակատագիրը կրկին իրար դեմ հանեց երկու միլանյան ակումբներին Չեմպիոնների Լիգայում` պատասխան խաղ 2003-ի պարտության համար: Սակայն, ցավոք, խաղը դասավորվեց ոչ մեր օգտին, և առաջին խաղը ավարտվեց 2 -0 հաշվով: Պատասխան խաղի ժամանակ Ներաձուրրիի երկրպագուները ծուխ արտանետող ռումբեր էին վառել, և խաղը դադարեցվեց: Ես չեմ արդարացնում մեր երկրպագուներին, բայց կարող եմ հասկանալ` նրանց համբերությունը հատել էր սահմանը: Սակայն, ընդամենը մի քանի ամիս անց, գլուխկոտրուկի այս մասերը սկսեցին միավորվել և ամբողջական պատկեր դառնալ: Հաջորդ տարին շրջադարձային էր: Ոչ միայն Ինտերի համար, այլև ողջ իտալական ֆուտբոլի: Մենք կրկին նվաճեցինք երկրի Գավաթը, իսկ 2006-ի ամռանը Ա Սերիայի բոլոր անհասկանալի հանգույցնեը բացվեցին: 12 տարիների ընթացում, ինչ ես կրում էի սև-կապույտ մարզաշապիկը, Ներաձուրրին հաղթել էր ՈՒԵՖԱ-ի Գավաթը և երկու Իտալիայի Գավաթ, դա շատ չէ, և ես զգում էի, որ մենք զրկվել ենք մի քանի Սկուդետտոյից, և եթե ամեն ինչ արվեր կանոններին համաձայն, ապա Ինտերը կունենար ավելի շատ տիտղոսներ: Այդ ամառը շատ թեժ էր և ոչ միայն եղանակի պատճառով, և նրա համար, որ Սկուադրա Աձուրրան հաղթանակ տարավ Աշխարհի առաջնությունում, վրա հասավ բեկումնային պահ անցյալի և ներկայի միջև: Ես միշտ ծիծաղում եմ, երբ լսում եմ, թե Կալչոպոլլին Ինտերի ձեռքի գործն է, ինչ որ դավադրություն: Մարդիկ, ովքեր լավ տեղեկացված են այս հարցում, գիտեն, որ դա այդպես չէ: Կան փաստեր, ձայնագրված հեռախոսազրույցներ, որոնցից ամեն ինչ պարզ է դառնում: Մեզ և մեր երկրպագուների համար շատ դժվար էր անցնել այդ խաբեությունների միջով, իշխանության խաղերի և այլ թիմերի երկրպագուների հեգնանքի, որոնք այդքան սիրում էին երգել` «դուք երբեք չեք հաղթի»: Փոփոխությունները տեղի ունեցան մի քանի մասվա ընթացում: Եվ ճիշտ է, որ որոշները մինչ այժմ չեն կարողանում ընդունել այն, ինչ տեղի ունեցավ: «Համակարգը» տարիներ շարունակ մեզ դուրս էր շպրտում խաղից: Սա չի նշանակում, որ Ինտերի նկատմամբ սովորական սխալներ չէին թույլ տալիս, բայց այդ սխալները միայն խորանում էին ենթատեքստում, որում հայտնվեց իտալական առաջնությունը: Ֆուտբոլը, ինչպես ես սկզբում եմ գրել, կարելի է համեմատել ճախարակի հետ, և ես միշտ համոզված էի, որ կգա մեր ժամանակը: 2006-ի Սկուդետտոն տվեցին մեզ, որպես փոխհատուցում այն բոլորի համար, որ գողացվել էր Ինտերից նախորդ տարիների ընթացում: Մենք վերցրեցինք այն, ինչ մեզ էր պատկանում: Ոչ ավելին: Իհարկե, դա մեր մեղքը չէ, որ երկու թիմեր, որոնք մրցաշարային աղյուսակում Ինտերից վեր էին գտնվում, պատժվեցին, իսկ հետո նաև տուգանվեցին: Շատ քննադատներ և լրագրողներ դատապարտեցին Մորատտիի որոշումը` տիտղեսը ընդունել փոստով: Իհարկե, սա նույնը չէ, երբ դու հաղթում ես տիտղոսը, բայց չես կարող տոնել խաղադաշտում` խաղընկերների հետ գրկախառնվելով: Բայց ինչո՞ւ մենք պետք է հրաժարվեինք: Մենք ոչինչ չենք գողացել: Առաջին հերթին, մենք հպարտ ենք լինել Ինտերիստներ, իսկ այս բնութագրումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան հազարավոր այլ բառեր: | |
Կատեգորիա: Խավիեր Զանետտի "Capitano E Gentiluomo”, | | |
Դիտումներ: 1776 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |